Մուտք գործեք
 

Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողով ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողով

Երևանում այսօր կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներ, հինգ հարյուրից ավելի համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին:
Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը:
Նախարար Սուրեն Պապիկյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով նմանօրինակ մեծմասշտաբ միջոցառման անցկացումը, նշել է, որ հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն առաջիկա տարիների ընթացքում հանդիսանում է կառավարության գերակա ուղղություններից մեկը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել համակարգային փոփոխություններ ենթադրող ռազմավարական ծրագրեր։ «ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է սուբվենցիաների տրամադրման գործընթաց, որով գործադիրը խրախուսում է համայնքներին, որպեսզի վերջիններս իրենց ընդհանուր բյուջեներում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը՝ նպատակաուղղված ճանապարհների, մանկապարտեզների և այլ հասարակական շենքերի, խմելու ու ոռոգման ջրագծերի, էներգախնայող լուսավորության համակարգերի, այգիների, հրապարակների կառուցմանը, նորոգմանը»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը հավելել է, որ 2018թ․ ընթացքում իրականացված սուբվենցիայի փորձնական ծրագրի արդյունքներով հանրապետության 97 համայնքներից ստացված թվով 152 սուբվենցիայի ծրագրերին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 1 մլրդ 620 մլն ՀՀ դրամ։ Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով համայնքների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունն ու արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը, ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում տրամադրել 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում, ինչը համայնքների կողմից իրականացվող աշխատանքների տոկոսային հարաբերակցության պայմաններում կապահովի շուրջ 20 միլիարդ դրամի կապիտալ աշխատանք։
Անդրադառնալով նախորդ տարում իրականացված ծրագրերի ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներին, բարդություններին և թերություններին՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ծրագրի անխափան շարունակականությունն ապահովելու, դրա արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով առանցքային նշանակություն ունի այս գործընթացում հանրային մասնակցության մակարդակի բարձրացումը։ «Համայնքային նշանակության ենթակառուցվածքների զարգացումը պետք է իրականացվի հանրային լսումների միջոցով՝ հասարակության տարբեր շերտերի գործնական ներգրավմամբ»,- նկատել է նախարարը և արձանագրել, որ թափանցիկ աշխատելաոճն ու հանրային հաշվետվողականությունը պետք է անկյունաքարային դառնա յուրաքանչյուր համայնքի ղեկավարի համար։ Բացի այդ, որպես համայնքային իշխանությանն առողջ հակակշիռ, նախարարի դիտարկմամբ էական նշանակություն ունի նաև համայնքնային ֆինանսական միջոցների ծախսերը բնակիչների կողմից մշտադիտարկելու և խոշորացույցի տակ պահելու գիտակցումը։
Նախարարն իր խոսքում համայնքնապետերի ուշադրությունն է հրավիրել համայնքների կողմից իրատեսական, չափելի զարգացման ծրագրեր կազմելու ու ներկայացնելու անհրաժեշտության վրա և հորդորել, որպեսզի վերջիններս, խորհրդակցելով համայնքի ավագանու և բնակչության հետ, մշակեն համայնքի զարգացման իրական ուղղությունները նախանշող ծրագրեր։
Օգտագործելով ընձեռնված հնարավորությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է սույն թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին և կոչ արել քաղաքացիներին, համայնքային ու մարզային բոլոր պաշտոնյաներին անմիջական մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը։ «Ես հորդորում եմ ձեզ, որ մարտի 23-ին ձեր համայնքի բնակիչների հետ դուրս գաք միջհամայնքային ճանապարհներ, քայլեք դրանց երկայնքով մինչև մյուս համայնք: Ես անձամբ որևէ մայրուղու երկայնքով քայլելու եմ և հավաքելու եմ աղբը»,-հայտնել է նախարարը:
Ամփոփելով Սուրեն Պապիկյանը համայնքապետերին ևս մեկ անգամ կոչ է արել բնակչության բարեկեցիկ կենսապահովման, տնտեսական ակտիվության բարձրացման և ներդրումների ներգրավման նպատակով հստակ գնահատել համայնքների կարիքները, մանրամասն մշակել զարգացման հեռանկարային ուղղությունները ու դրանց վերաբերյալ ներկայացնել սուբվենցիայի ծրագրային փաթեթներ։
Համաժողովի ընթացքում նախարարության պատասխանատուները համայնքների ղեկավարներին և տնտեսական զարգացման պատասխանատուներին հանգամանորեն ներկայացրել են սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման քննարկման և հաստատման ընթացակարգը, պատասխանել ներկաների հարցերին։


http://mtad.am/hy/news/item/2019/02/11/mtad12.02.1/

Մեկնաբանել