Մուտք գործեք
 

Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում: Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել նաև բուհերի ընդհանուր որակի անկում: «Բուհերն իրենց բյուջեների մեծ մասը համալրում են ուսանողների վարձավճարների հաշվին, որն էլ իր հերթին ազդում է կրթության որակի վրա: Ոչ պետական բուհերի հետ կապված ունենք որոշակի ծրագրեր. մենք պետք է գույքագրենք՝ ինչպիսի բուհեր ունենք, որովհետև որքանով էլ որ դրանք մասնավոր են, սակայն անմիջական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: Իսկ պետությունը, որը կրթական քաղաքականության կազմակերպիչն է, չի կարող բարձիթողի վիճակ հանդուրժել ցանկացած ոլորտում, որը կարող է ազդել իր քաղաքականության վրա: Մենք, իհարկե, չենք ցանկանում արտաքին միջամտություն իրականացնել, բայց նաև բուհերը ստեղծված իրավիճակում պետք է մտածեն իրենց ապագայի մասին և քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ոչ պետական բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել ընդամենը երկու ուսհաստատություն՝ կոչ անելով մյուսներին ևս անցնել այդ գործընթացը: «Այս տարի բոլոր բուհերում դիմորդների թվի պակասը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Եթե կան առաջարկներ, թե ինչպես կարող է պետությունն աջակցել ձեզ այս հարցում, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցեք, պատրաստ ենք լսել դրանք: Բացի այդ, մեծ մտահոգություն կա՝ կապված բժշկական բուհերի հետ: Այս հարցում մենք չեք կարող թույլ տալ, որը խնդիրը հանգեցնի անդառնալի հետևանքների՝ հաշվի առնելով այն երևույթները, որոնք առկա են որոշ ոչ պետական բուհերում»,-նշել է նախարարը:
Բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Նրանց մասնավորապես հետաքրքրել է հավասար մրցակցային դաշտի ապահովման, մարզային բուհերի որակի, հավատարմագրման գործընթացի, ընդունելության քննությունների և այլ հարցերի հետ կապված խնդիրներ:
Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մրցակցային դաշտի ապահովումը անհրաժեշտ պայման է՝ ոլորտի զարգացման տեսանկյունից: «Մենք շահագրգիռ ենք, որ ոչ պետական բուհերը կայանան և խթան հանդիսանան՝ մյուս բուհերի զարգացման և կրթության որակի բարձացման համար: Իսկ պետական բուհերի հետ մրցակցել և համապատասխան արդյունքներ կարող են գրանցել միայն խոշոր ոչ պետական բուհերը»,-ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նման հանդիպումները դարձնել պարբերական:


Արայիկ Հարությունյան 
Մեկնաբանել