Մուտք գործեք
 

Մատաղիսի զորամասի հրամանատար. Արտոնյալներ չկան, ինձ համար չկա «այսինչի տղան Է» հասկացությունը. banber.tv

Գնդապետ Արմեն Գյոզալյանը Մատաղիսի զորամասի հրամանատար է նշանակվել 2017թ. հունիսի 5-ին: NEWS.am-ին տված հարցազրույցում հրամանատարն անկեղծանում է՝ մեկ վայրկյան իսկ չի վարանել. կնոջ ու մանկահասակ երեխաների հետ Տավուշի մարզից տեղափոխվել է Մատաղիս՝ այստեղ շարունակելու ծառայությունը:
Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանն աշխատանքից ազատվեց: Նրա փոխարեն նշանակված գնդապետ Գեւորգ Մանգասարյանն էլ ընդամենը 1 տարի աշխատեց. նա ազատվեց 2017թ.-ին մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ երեք զինծառայող, ինքնակամ լքելով զորամասի տարածքը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ջրահեղձ եղան ջրամբարում:
Պարոն Գյոզալյան, Դուք Մատաղիսի զորամասի հրամանատար եք նշանակվել 1 տարի առաջ՝ այստեղ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո: Հեշտ եք կայացրե՞լ որոշումն այստեղ տեղափոխվելու: Առհասարակ ի՞նչ աշխատանք է կատարվել այս ամիսներին՝ եղած թերությունները վերացնելու համար:
Մեկ տարվա ընթացքում զորամասում ահռելի մեծ աշխատանք է կատարվել: Առաջինը սկսել ենք անձնակազմի կարգապահության որակների բարձրացումից, ինժեներական մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել մարտական դիրքերում ու դեռ շարունակում ենք աշխատանքները: Ամենակարեւորն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության ամրապնդմանն ուղղված զգալի աշխատանքներ ենք կատարել: Սպայական կազմի մտածելակերպի, որակների, իրենց պարտականությունների ճիշտ կատարմանն ուղղված քայլեր նույնպես արվել են այս ամիսներին: Ու դեռ շարունակում ենք աշխատանքները, կհասնենք էլ ավելի բարձր արդյունքների:
Համոզված եմ՝ օրեցօր ծառայությունը, զինվորների կենցաղը կբարելավվի, կարգապահությունը կբարձրանա, պոտենցիալը կա: Սպայական կազմն էլ տրամադրված է, որ մեր զորամասը պետք է լինի լավագույնը: Մեր զինվորների անվտանգությունը պետք է կարողանանք առավելագույնն ապահովենք: Բոլորիս գերակա խնդիրն է, որ մեր զինվորներն անվտանգ ծառայեն:
Մինչեւ այստեղ ծառայելը՝ Տավուշի մարզի N զորամասի հրամանատարն էի, իմ կամքով եմ ցանկացել այստեղ ծառայել: Զինվորական եմ ես ու կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, զինվորականը պետք է ծառայի այնտեղ, որտեղ իր կարիքը կա: Ընտանիքիս հետ եմ հենց առաջին օրը տեղափոխվել Մատաղիս: Ես պատվով եմ ծառայում եւ ինձ համար պատիվ է ծառայելը հենց այս զորամասում: 20 տարի է՝ զինվորական եմ, բայց այս 1 տարին ինձ ավելի մեծ փորձ է տվել, ես պատվով եմ ասում, որ Մատաղիսում եմ ծառայում:
Այս զորամասում դեպքեր հաճախակի են գրանցվում՝ թե Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու հետեւանքով, թե զորամասի ներսում՝ միջանձնային հարաբերությունների պատճառով:
Երբ ամեն ամիս վերլուծում ենք՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, դրական տեղաշարժեր կան: Եթե նախկինում միջանձնային հարաբերությունների պատճառով դեպքեր էին լինում, այժմ դրանք չկան, անձնակազմում լավ հարաբերություններ են: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր գրանցվել են, բայց այդ առումով եւս մեծ աշխատանքներ են տարվել, որ նմանատիպ երեւույթներ չլինեն: Այս պահի դրությամբ դրական մեծ տեղաշարժեր ունենք բոլոր առումներով: Ինքս շատ զորամասերում եմ ծառայել եւ երբ համեմատում եմ, Մատաղիսի զորամասում շատ բարձր եմ գնահատում մեր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, կարելի է ասել՝ հերոսական ծառայություն են իրենք իրականացնում:
Ուրախ եմ, որ մեր սպաները մեծ ուրախությամբ են ծառայում մեր զորամասում: Ներկա դրությամբ մենք զորամասում չունենք մի սպա, զինվորական, որ խնդիր առաջացնի, պրոբլեմային լինի կամ խնդիր առաջացնի: Այդպիսի մարդ մենք չունենք, վստահեցնում եմ ձեզ:
Ապրիլյան պատերազմից հետո շատ է փոխվե՞լ սպայական կազմը:
Չէի ասել՝ շատ է փոխվել կազմը, բայց եղել են դեպքեր, երբ թոշակի են անցել, կամ այլ զորամաս են տեղափոխվել: Փոփոխություններ եղել են, բայց հիմնական կազմն
Կա՞ն ժամկետային զինծառայողներ, որոնք պաշտոնյաների որդիներ են կամ հարուստ ընտանիքներից:
Ես ընդհանրապես չեմ տարբերակել, չեմ տարբերակում ու չեմ էլ պատրաստվում տարբերակել: Ինձ համար բոլորը հավասար են, ինչպես իմ երեխան, այնպես էլ իմ բոլոր զինվորները: Բոլորն էլ ընդգրկվում են մարտական հերթապահության, բոլորն էլ ծառայում են մարտական դիրքերում: Արտոնյալ կարգավիճակ ունեցող զինվոր, սպա մեր զորամասում չկա: Ինքս էլ ինձ զինվոր եմ համարում, ոչ մեկից ինձ չեմ տարբերում: Ոչ մի տարբերություն չեմ դնում: Ինձ մոտ դու կարող ես լինել լավ զինվոր, վերջ, ինձ համար չկա «Այսինչի տղան է» հասկացությունը, ուղղակի բացառված է դա:
Պարոն Գյոզալյան, կխոսե՞ք նաեւ մարտական դիրքերում իրականացվող լրակահավորման աշխատանքներից:
Մարտական դիրքերում աշխատանքներն ամենօրյա են, ինչքան աշխատես, այդքան աշխատելու տեղ կա, դիրքն ամենօրյա խնամք է սիրում: Ինժեներական առումով ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, զարգացնում ենք, նորարարություններ ենք մտցնում: Զինծառայողի անվտանգությունը մեր ամենակարեւոր հարցն է, կարելի է ասել՝ մարտական դիրքերում այս առումով խնդիր չունենք: Խոցելի հատվածներ չունենք, չկա այնպիսի մի հատված, որ ասեմ՝ վտանգավոր է: Մշտապես մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը, ամեն օր վերլուծում ենք, վերահսկում: Լրակահավորման աշխատանքները շարունակվում են:
Կարո՞ղ ենք փաստել, որ հայկական կողմն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը:
Իհարկե, այո, վերահսկվում է վայրկյան առ վայրկյան: Հակառակորդի ամբողջ տեղաշարժը վերահսկվում է, չկա այնպիսի բան, որ մեր ուշադրությունից դուրս լինի կամ չվերահսկվի:
Այս զորամասի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, դրական չի: Ի՞նչ խորհուրդ կտաք կամ ի՞նչ կհորդորեք այստեղ ծառայող զինվորների ծնողներին:
Չգիտեմ՝ ինչու է մարդկանց մոտ նման տպավարություն ստեղծվել, բայց Մատաղիսի զորամասը ոչնչով չի զիջում ոչ մի զորամասի բացասական կողմերով: Մեզ մոտ կա կարգուկանոն, օրվա կարգացուցակի ճիշտ պահպանում, զինվորների կենցաղի բարելավում ամեն օր, զինվորին տրվող բոլոր խրախուսումների պահպանում: Չեմ պատկերացնում, որ ինչ-որ այլ զորամասում էլ այսպես լինի: Միգուցե մարդկանց մոտ նման կարծիք կա՝ հաշվի առնելով այստեղի աշխարհագրական դիրքը: Նորից եմ ասում՝ ես այստեղ ապրում եմ իմ կնոջ ու անչափահաս երեխաների հետ զորամասին կից սպայական բնակելի շենքում: Կարծում եմ՝ այս բացասական վերաբերմունքը հասարակության միջից դուրս կգա, քանի որ ինքս չեմ տեսնում այնպիսի բան, որ ստիպում է մարդկանց նման կերպ մտածել:
Թող ոչ մի զինվոր չմտածի, թե իրենց երեխայի՝ Մատաղիսում ծառայելը, խնդիր է, ոչ, Մատաղիսում ծառայելը պատիվ է:




banber.tv
Մեկնաբանել