Մուտք գործեք
 

Համայնքի բնակիչները լի են վճռականությամբ լուծելու բոլոր մտահոգող խնդիրները

Մրգավան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ-արևմուտք՝ 25 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից հյուսիս-արևմուտք` 3 կմ հեռավորության վրա, Երևան-Արտաշատ ճանապարհի ձախ կողմում։ Մրգավանը հարավից սահմանակից է Արտաշատ քաղաքին, հյուսիս-արևելքից` Այգեստանի հողատարածքին, հյուսիս-արևմուտքից՝ Դալար գյուղին, արևմուտքից՝ Երևան-Մեղրի կենտրոնական ճանապարհին։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Մրգավան (նախկին Գյոդակլու, որը թարգմանաբար նշանակում է «Կարճահասակների» գյուղ) գյուղը, որը կոչվել է նաև Դալուլար, 1831 թվականին մտնում է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ 100 տարի հետո՝ 1927-1931 թթ. վերանվանվում է հեղափոխական գործիչ՝ Ս. Մարտիկյանի անունով։
Գյուղի մեջ կա բազալտից հուշարձան-աղբյուր՝ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) զոհվածների հիշատակին նվիրված։
Գյուղը ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ։ Առաջինը կառուցվել է 1833 թ. և գործել է մինչև 1919 թ.։ Եկեղեցու մատյաններում գրանցումներ են արվել բնակչության ծննդյան, ամուսնության և մահվան մասին։
Երկրորդը՝ Սուրբ Հակոբ Եկեղեցին, կառուցել է բարերար վաճառական Անդրեաս Սարգսյանը՝ մոտավորապես 1901-1908 թթ., իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը։
1918 թվականին Հայաստան մտած թուրքերը նահանջելիս իրենց հետ տանում են եկեղեցու զանգերը, թաքցնում Արաքսի ափին գտնվող գյուղերից մեկում, իսկ Անդրեասի որդին ` Սարոն` 5 ոսկի տալով մի ադրբեջանցու, գտնում է զանգը և վերադարձնում։
Խորհրդային իշխանության որոշմամբ 1920 թ. եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ 1953 թ. Խորհրդային կառավարությունը որոշում է քանդել եկեղեցիները։ Գյուղացիները հրաժարվում են քանդելուց, ուրիշ տեղից մարդիկ են բերում, որոնք հանում են խաչերը, քանդում գմբեթները։ Գյուղի կանայք բողոքում են Երևանի կոմիսարին, և եկեղեցին փրկվում է քանդվելուց։ Հետագայում որոշ ժամանակ այն դարձնում են գյուղի պահեստ։ Այնուհետև այն գործել և մինչև այժմ գործում է որպես եկեղեցի։ Այն բարեկարգ է, շրջակայքը՝ պարսպապատ, կից մատաղատուն ունի։
Կլիման բարեխառն է, ամառը՝ տաք, ձմեռը՝ ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 20 աստիճան, առավելագույնը` 35 աստիճան, նվազագույնը-25 աստիճան։ Տարեկան միջին տեղումները՝ 200-250 մմ, ձնածածկույթի հաստությունը՝ 10-30 սմ, վեգետացիայի շրջանը տևում է 200-230 օր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 830 մետր է։
Գյուղում առկա են 494 տնտեսություն։ Բնակչությունն զբաղվում է հողագործությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Մասամբ էլ գյուղացիական մի քանի տնտեսություններ զբաղվում են անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոցը, «Մրգավանի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, բուժամբուլատորիա։ Գյուղում 1960 թվականին կառուցվել է մշակույթի տուն։ Գյուղն էլեկտրաֆիկացվել է 1937 թվականին, գազաֆիկացվել՝ 1998 թվականին։

Mangasar TV-ի ''Հայաստանի համայնքները'' հաղորդաշարի հյուրն է Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը

Դիտեք տեսանյութը 


Մեկնաբանել